Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք բարձաձայնել: Ընդամենը 1 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նախարարը:

Միրզոյանն ակնհայտ համարեց, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն ու գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից:

«Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա՝ 1991թ Ալմաթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա»,-ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց՝ պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել Գրանդայում հոկտեմբերի 5-ին ընդունված քառակողմ հայտարարության մեջ: Հայաստանը ակնկալում է նաև միջազգային մյուս գործընկերների գործնական աջակցությունը դրան:

Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը, նաև ԼՂ-ում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում