Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում բացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ
1 րոպեի ընթերցում
![Մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում բացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122919.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ մանրամասնելով, որ դրանք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: