Պաշտոնական

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված են ՀԱՊԿ կանոնադրությունում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով հարցին, թե «Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից», վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք, և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»:

«Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նկարագրած դեպքերի շրջանակներում Հայաստանն այդ առավելությունները, ցավոք, չի տեսել:

«Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից» հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանը նման հարց չենք քննարկում: «Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

Նկատելով, որ ՌԴ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մեդվեդևը, իսկապես վիրավորական բառամթերք են օգտագործել Փաշինյանի հասցեին և հեղաշրջման կոչ արել, Յարոսլավ Տրոֆիմովը հարցրել է. «Ինչպե՞ս եք պատասխանել այս ամենին, և, ըստ Ձեզ, Ռուսաստանում Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են»։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, ես դրան, եթե չեմ սխալվում, հենց որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել և չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ: Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կամ եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են»:

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում