Քաղաքականություն

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։

« Սա հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու։

Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակելով։

«Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիոն և լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է։

Անշուշտ, եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր ու ենթաիմաստներ են դնում, սա, իհարկե, տեղի ունենալ չի կարող։ Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- եզրափակեց Միրզոյանը

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումից հետո մասնակից 5 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում