Մշակույթ

Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» ներկայացմամբ հրավիրվել է Երևան

3 րոպեի ընթերցում

Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» ներկայացմամբ հրավիրվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն այցելել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Մանչեսթեր քաղաքում Գոշ Սարգսյանը ներկա է գտնվել թատրոնի «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությանը:

Ըստ աղբյուրի՝ աշխարհահռչակ բալետմայստեր Աքրամ Խանի բեմադրական գլուխգործոց համարվող «Ժիզելի» երևանյան ցուցադրությունները կազմակերպելու նպատակով թատրոնի ղեկավարության հետ քննարկվել են հյուրախաղեր կազմակերպելու հնարավորությունները, ժամկետները, ինչպես նաև թատրոնի՝ տարածաշրջան առաջին և բացառիկ հրավերի այլ մանրամասները: Բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վատկինի հետ հանդիպմանը Գոշ Սարգսյանն անդրադարձել և խոսել է համագործակցության երկարաժամկետ ծրագրերի մասին: Առանձին հանդիպումներ են եղել նաև բալետի ստեղծագործական-արտիստական և տեխնիկական կազմերի պատասխանատուների հետ:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացան մշակութային խոշոր նախագծեր, որոնք նոր լիցք հաղորդեցին մայրաքաղաքի մշակութային կյանքին՝ հնարավորություն ընձեռելով քաղաքի բնակիչներին և հյուրերին վայելելու բարձրարժեք արվեստը: Թումանյանի անվան այգում հունիս և սեպտեմբեր ամիսներին կայացած բալետային և օպերային ներկայացումների ցուցադրություններին ներկա գտնվեց շուրջ 50 հազար հանդիսատես, ինչն արմատապես նոր հարթության մեջ է դիրքավորում Երևանը՝ որպես բարձրարժեք նախաձեռնություններ կազմակերպող, իրականացնող և հյուրընկալող մշակութային կենտրոն: Նախաձեռնության շարունակականությունը և հետագա զարգացումն ապահովելու նպատակով ներկայում քայլեր են ձեռնարկվում Երևանյան փառատոնի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու և համաշխարհային արտիստներին ներգրավելու համար»,- մասնրամասնել է Գոշ Սարգսյանը:

Նշվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար նվագախմբի՝ Հայաստան այցելությունը կազմակերպելու, Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի համատեղ համերգի, Թբիլիսիի օպերային թատրոնի, ինչպես նաև աշխարհահռչակ այլ երաժիշտների, կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությամբ Երևանում նախատեսված ծրագրերն իրագործելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում