Պաշտոնական

Միխայել Ռոթը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դատապարտել է ԼՂ-ում Բաքվի իրականացրած էթնիկ զտման քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Միխայել Ռոթը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը դատապարտել է ԼՂ-ում Բաքվի իրականացրած էթնիկ զտման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Միխայել Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Ըստ աղբյուրի՝ Միխայել Ռոթը բարձր է գնահատել երկկողմ միջխորհդարանական կապերը և դրանց հետագա ամրապնդման վստահություն հայտնել: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում