ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 15։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։ Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային վահանակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ): Տուժածներ չկան։