Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 150 անձ կարողացել է աշխատանքի անցնել՝ ուղեգրվելով տարբեր գործատուների մոտ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 150 անձ  կարողացել է աշխատանքի անցնել՝ ուղեգրվելով տարբեր գործատուների մոտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 անձ խորհրդատվություն ստանալուց հետո, ուղեգրվելով տարբեր գործատուների մոտ, արդեն կարողացել է աշխատանքի անցնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մոտենալ և խորհրդատվություն ստանալ աշխատանքի համար։

«Երեկվա դրությամբ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է մի հարթակ, որը հնարավորություն է տալիս ԼՂ-ից ուսուցիչներին գտնել թափուր աշխատատեղեր։ Այս պահի դրությամբ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա է շուրջ 1400 թափուր աշխատատեղ»,-հայտնել է նախարարը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել և աջակցություն ստանալ աշխատանքի տեսքով։

Գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ գործում է Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող հարթակ, որտեղ առկա է ավելի քան 5000 թափուր աշխատատեղ։

Բացի այդ, աշխատանքի որոշակի առաջարկություններ են ստացվել նաև մասնավոր կազմակերպությունների, ընկերությունների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում