Վերածնվում ենք. բռնի տեղահանման հետևանքով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված մի շարք ընկերություններ ներկայացված են «ԴիջիԹեք» էքսպոյում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մի շարք ընկերություններ նոր գործընկերներ, համագործակցություն ու ներդրումներ գտնելու ակնկալիքով ներկայացված են հոկտեմբերի 13-15-ն անցկացվող 18-րդ «ԴիջիԹեք» էքսպոյին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տվյալ ընկերությունների ներկայացուցիչները շեշտեցին, որ վերածնվելու հստակ նպատակ ու պլաններ ունեն:

«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը պատմեց, որ տեղահանման ժամանակ մի կերպ կարողացել են իրենց գույքի մեծ մասը դուրս բերել ԼՂ-ից, բայց ամենակարևորը, որ բերել են՝ իրենց երազանքներն ու նպատակներն են։ Տեխնոլոգիական կրթություն առաջարկող «Մունք»-ում վստահ են՝ լավ հայրենիք ունենալու ճանապարհը կրթությունից է սկսվում։

«ԼՂ-ում ծրագիրը գործում էր 7 համայնքներում։ Երկու տեխնոդպրոց ունեինք, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ 250-ից ավելի ուսանողներ ունեինք, իսկ ամենամեծ ձեռքբերումը շուրջ 40 շրջանավարտներն էին, որ, վստահ եմ՝ արդեն այս տարի կտեղավորվեն աշխատանքի հայաստանյան ՏՏ ոլորտում և որոշ դեպքերում, նույնիսկ լինելով անչափահաս, կդառնան տան կերակրողը»,- նշեց տեխնոդպրոցի ծրագրերի ղեկավար Սասուն Դավիդյանը։

Դպրոցը ԼՂ-ից տեղահանվելուց հետո հաստատվել է Լոռու մարզում։ Արդեն որոշակի տարածք ունեն, որտեղ կարող են վերսկսել աշխատանքները: Միակ խնդիրը ընթացիկ ծախսերի համար գումար ու ներդրողներ գտնելն է։

Ներդրումների ու նոր գործընկերների հետևից «ԴիջիԹեք» են եկել նաև մարտակերտցի մի խումբ երիտասարդներ։ Լեռնային Ղարաբաղում ծրագրում էին նորարարական լուծումներով երիտասարդական կենտրոն բացել ու զարգացնել համայնքը: Հիմա մտադիր են կիսատ թողած գործը Հայաստանում շարունակել:

«Երկու հարկանի շենք ունեինք Մարտակերտում, որ պետք է վերածվեր Beety co-working տարածքի ու համայնքային զարգացման ինկուբատորի, սակայն, երբ արդեն «ռեԱրմենիա»-ում դրամահավաք պետք է սկսվեր շինարարությունը սկսելու համար, սկսվեց շրջափակումը ու չհասցրինք դրամահավաք անել։ Այդ ընթացքում փորձում էինք ակտիվացնել Մարտակերտը, երիտասարդների ներգրավել մեր թիմ»,-պատմեց Bitty կազմակերպության համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը։

ԼՂ-ի միակ ու առաջին Մարքեթինգային ընկերությունը՝ BIB-ը, որը համագործակցել է աշխարհի տարբեր երկրների հետ, վերածնվելու հաստատակամ պլաններով է առաջ շարժվում: Ուզում են ապացուցել, որ իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել և խանգարել զարգանալու և երկրին աճ ապահովելու գործում: Այս պահին բաց են ընկերությունների հետ համագործակցության համար:

«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն)։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի:

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26