Հասարակական

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

4 րոպեի ընթերցում

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցած ընդլայնված նիստի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների համատեքստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականցման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և, ընդհանրապես, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։

«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման կառուցակարգեր»:

Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները. «Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է:

Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում֊բողոքներ և քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները մենք դասակարգում ենք ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ՝ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա»:

Նշվում է, որ Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Մասնակիցները հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել են ոլորտին վերաբերող համակարգային հարցերը: Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում