Երաժշտությունը բուժում է ցավերը, հոգին. ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգների հասույթը կուղղվի հինգ ընտանիքի

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանին աշխարհը ճանաչում է յուրահատուկ ձեռագրի, սիրված ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության, վիրտուոզ կատարման շնորհիվ: Արտիստը, որը ծնվել է Լիբանանում, երբեք չի կորցրել կապը Հայաստանի հետ, միշտ այցելել է պատմական հայրենիք, ճամփորդել, սակայն համերգով ներկայանալու առիթ է չի ունեցել:

Երկու տարվա բանակցություններից հետո «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի ջանքերով Մալիկյանն իր երաժիշտների հետ ելույթ կունենա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգներից մեկը պետք է կայանար հոկտեմբերի 13-ին, սակայն չվերթների հետ կապված խնդիրների պատճառով Մալիկյանի երաժիշտները ժամանելու են հոկտեմբերի 13-ի գիշերը, ուստի հոկտեմբերի 13-ին նախատեսված մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այն մարդիկ, որոնք գնել են ամսի 13-ի համերգի տոմսեր, կարող են վայելել հոկտեմբերի 15-ին կայանալիք համերգը, իսկ այն մարդիկ, որոնք չեն կարողանա գալ 15-ին սպասվող երեկոյին, կարող են վերադարձնել տոմսերը:

Լրագրողների հետ հանդիպմանը երաժիշտը խոստովանում է՝ շատ հուզված է, ուրախ, որ Հայաստանում է: «Հայերս դժվար ժամանակներ ենք ապրում: Մտածում էինք հետաձգել համերգները, սակայն որոշեցինք չչեղարկել երեկոները և հասույթը ուղղել բարեգործության»,-ասում է Մալիկյանը:

Նա 55 տարեկան է, և, ինչպես ինքն է ասում, 50 տարի ցանկանում է հանդես գալ Երևանում, սակայն չի ստացվել: Այս համերգի պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022 թվականի դեկտեմբերին:

«Հայաստանում շատ եմ եղել, և երկիրը լավ եմ ճանաչում, սակայն այլ բան է ուղղակի այցելելը, այլ բան է համերգով հանդես գալը: Ես և խումբս սրտով ու հոգով անելու ենք ամենը, որ լավ ժամանակ անցնի: Նվագելու եմ դասական գործեր, իմ սեփական ստեղծագործությունները: Իրականում այն, ինչ հորինում եմ, հայկական է: Իմ ստեղծած անգամ լատինաամերիկյան ոճով երաժշտությունը հայկականի է վերածվում»,-նշում է Մալիկյանը:

Մալիկյանը նվագում է հայ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ներկայացնում է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ասում է՝ շատ ժամանակ է անցկացրել ժողովրդական երաժշտությունն ուսումնասիրելու համար: Սիրում է Սայաթ-Նովայի և այլոց երաժշտությունն ու կրում նրանց ազդեցությունը:

Նրա ծանոթությունը ջութակի հետ կայացել է շատ վաղ հասակում: Մալիկյանի հայրը ջութակի մեծ երկրպագու է եղել և յոթ տարեկան Մալիկյանին ստիպել է երեխաների հետ խաղալու փոխարեն փակվել սենյակում և նվագել, ինչի համար հետո Մալիկյանը շնորհակալ է եղել հորը:

«Պապս Ուրֆայից էր: Հայոց ցեղասպանության պատճառով նա կորցնում է ամբողջ ընտանիքը: Նրան հաջողվում է փրկվել, քանի որ մի ծերունի նրան ջութակ է նվիրում, որով նա նվագում է խմբում և այդպես փրկվում է՝ գալով Բեյրութ: Երբ հայրս տեսնում է ջութակը, սիրահարվում է: Նա առավոտից երեկո ջութակ էր նվագում և ջութակի նկատմամբ սերը փոխանցեց ինձ: Ես էլ փորձեցի իմ տղային փոխանցել այդ սերը, սակայն չստացվեց»,-պատմում է Մալիկյանը:

Երաժշտի կյանքում չի եղել որևէ պահ, որ ցանկանա հրաժարվել ջութակից: Չորս տարի առաջ օդանավի աստիճաններից ընկել և ուսը կոտրել է, ինչի պատճառով երեք ամիս չի նվագել, մտածել է՝ ի՞նչ կարող է անել, եթե այլևս հնարավոր չլինի ջութակ նվագել. բարեբախտաբար ապաքինվել է:

Մալիկյանը բազմաժանր երաժիշտ է. նվագում է դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ռոք, ջազ և այլն: «Ես շատ եմ սիրում դասական երաժշտություն, և իմ համերգներին անպայման նվագելու եմ դասական գործեր՝ սեփական մեկնաբանությամբ: Տարբեր փուլերով եմ անցել. պատահել է միայն դասական եմ նվագել, ապրելու համար երբեմն բոլորովին այլ երաժշտություն եմ նվագել բառերում, ռեստորաններում, փողոցներում, պատահել է՝ ջազ, ֆլամենկո և այլն, սակայն հիմա ավելի շատ իմ սեփական ստեղծագործություններն եմ ներկայացնում, որոնք ծնվում են ոգեշնչման արդյունքում»,-ասում է արտիստը:

Երկրպագուները Արա Մալիկյանի ելույթները հաճախ համեմատում են պայթյունի հետ, ասում, որ նա բացարձակ ազատության է հասնում բեմում և խենթացնում իր էներգետիկայով: «Երբ արտիստը բեմ է բարձրանում, հրաշք է տեղի ունենում: Հրաշալի է, երբ բեմում ես, քո դիմաց հազար կամ 5000 և ավելի մարդ է: Այդ ժամանակ մեծ պատասխանատվություն ես կրում՝ նրանց հուզելու համար: Պետք է սիրտդ, հոգիդ նվիրես նրանց: Համերգներս, որոնք տևում են երկու կամ 2,5 ժամ, ինձ համար վայրկյաններ են թվում: Երաժշտությունը բուժում է մեր ցավերը, մեր հոգին, ուստի միշտ կարևոր է պահպանել կապն արվեստի հետ, իսկ հայ մշակույթը, որը ներկա է ամբողջ աշխարհում, մեզ ուժ է տալիս»,-ընդգծում է ջութակահարը:

Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն շատ է ճամփորդել ու ապրել տարբեր երկրներում: Ավելի քան քսան տարի հաստատվել է Իսպանիայում: Իսպանիան իր տունն է համարում: «Ապրել եմ նաև Գերմանիայում, Անգլիայում: Հյուսիսի կյանքն ամպոտ էր: Մեկ ամառ էի որոշել մնալ Իսպանիայում, սակայն ավելի քան 20 տարի այնտեղ եմ»,-նշում է Մալիկյանը, որը Հայաստանից հետո համերգներով ելույթներ է ունենալու նաև այլ երկրներում:

«ԹԻ ԷՄ Պրոդակշն»-ի նախագահ Թովմաս Մարտիրոսյանն էլ տեղեկացնում է՝ համերգների հասույթը կտրամադրվի հինգ ընտանիքի: «Մի քանի օր առաջ դրամահավաք էր իրականացվում: Հինգ կին են և նրանց երեխաները: Նրանց ամուսինները զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչից հետո կանայք երեխաների հետ եկել են Հայաստան: Որոշել ենք տոմսերի ամբողջ հասույթը տրամադրել այդ հինգ ընտանիքներին: 13 անձ են: Նրանց հետ դեռ կապ չենք հաստատել: Կարծում ենք՝ դեմ չեն լինի, քանի որ նրանց համար դրամահավաք էր իրականացվում: Ասուլիսից հետո կապ կհաստատենք և հետո կհրապարակենք նրանց անունները»,-շեշտում Մարտիրոսյանը:

Արա Մալիկյանի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից և այլոցից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում:

Արա Մալիկյանի հարուստ նվագացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։

Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Չեխիա, Չինաստան, Մալայզիա և այլն: Որպես մենակատար ելույթներ է ունեցել Տոկիոյի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբերի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային և այլ նվագախմբերի հետ: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ, որոնց թվում են «15»-ը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին, «Ջութակի անհավանական պատմությունը», «Royal Garage» և այլն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն Español

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին