Պաշտոնական

Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացումը մեր ամուր գործընկերության վկայությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացումը մեր ամուր գործընկերության վկայությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու` Բելգիայի կառավարության որոշումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական սերտ հարաբերությունները՝ որպես օրինակ հիշատակելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց բելգիացի խորհրդարանականների Հայաստան ժամանումը: ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով բռնի տեղահանվածներին առնչվող մի շարք մանրամասներ, նշել է, որ բելգիացի գործընկերներից աջակցություն է ակնկալում ԼՂ ժողովրդին առաջնահերթ հումանիտար օժանդակության ցուցաբերման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանի հանդեպ թիրախային պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության շուրջ: Դեսպանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձել վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Հռոմի ստատուտի անհրաժեշտությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում