Հասարակական

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33-ամյա մի բնակչուհի և Ռուսաստանի 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ էլ պատրաստում և համացանցի միջոցով իրացնում են թմրամիջոցներ։

«Ըստ տեղեկությունների` նրանց բնակության վայրում կար սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա և մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք:

Տեղեկությունը փոխանցվեց Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հոկտեմբերի 11-ին, համագործակցելով Կոտայքի ոստիկանության և քննչական բաժինների հետ, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Գառնի գյուղի նրանց բնակության վայրում: Հայտնաբերվեց մոտ 60 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, մոտ 8 գրամ մարիխուանա, մոտ 51 գրամ մեթամֆետամին, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ 23 տարա՝ լցված ընդհանուր մոտ 12 լիտր տարատեսակ քիմիական նյութերով և պրեկուրսորներով, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված ապակե կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նույն գործի շրջանակներում Գառնի գյուղի նույն տան մոտ ձերբակալվել և իր BMW ավտոմեքենայով հանդերձ՝ ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Երևանի 37-ամյա մի բնակիչ, որը բանավոր հայտարարել է, որ մեքենայում կա օդաճնշիչ ատրճանակ և մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել 33-ամյա բնակչուհուց:

Նշվում է, որ նույն օրը խուզարկություն է կատարվել նաև 33-ամյա կնոջ Երևանի Ֆուչիկի փողոցում գտնվող մեկ այլ բնակության վայրում. հայտնաբերվել է մարիխուանա և փականով 187 տոպրակ՝ նախատեսված թմրամիջոցներ իրացնելու համար։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում