Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածները առցանց հարթակում կարող են ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրվող դրամական աջակցության շահառու են, թե ոչ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածները առցանց հարթակում  կարող են ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրվող դրամական աջակցության շահառու են, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) գործարկել է հարթակ՝ https://dimum.ssa.am, որում ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մուտքագրել իրենց տվյալները և ճշտել՝ արդյոք պետության կողմից տրամադրվող դրամական աջակցության շահառու են, թե ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հարթակում կարելի է ծանոթանալ նաև անչափահասների դիմումների կցագրման ընթացքին:

Անդրադառնալով երեխաների հաշվառման գործընթացին՝ նա տեղեկացրեց, որ շուրջ 30 հազար անչափահաս արդեն իսկ հաշվառված է համակարգում, նրանցից 21690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրված են, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այժմ դրանք մշակման փուլում են։ Առաջիկա օրերի ընթացքում նրանք կտեղեկացվեն՝ արդյոք ներկայացված դիմումները բավարարվել ե՞ն:

Բաղդասարյանը նշեց, որ 100 հազարական դրամ միանվագ գումարներն արդեն հատկացվել է առավել քան 52 հազար անձի, մյուսներին այդ աջակցությունը հատկացնելու գործընթացը շարունակվում է:

Հետագա խնդիրներից խուսափելու և մերժում չստանալու համար վարչապետի մամուլի քարտուղարը հորդորեց քաղաքացիներին համապատասխան դաշտերը լրացնելիս՝ լինել շատ ուշադիր: Իսկ խնդիրների առկայության պարագայում դիմել միասնական սոցիալական ծառայության կենտրոններից որևէ մեկին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում