Քաղաքականություն

29 800 քկմ-ը ներառում է նաև Արծվաշենը, ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. վարչապետ

3 րոպեի ընթերցում

29 800 քկմ-ը ներառում է նաև Արծվաշենը, ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 29 հազար 800 քակառուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Արծվաշենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով անկլավների թեմային:

«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29 800 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն՝ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև իսկ ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ եթե անկլավների հետ կապված պրոբլեմատիկան ընդունվի կողմերից մեկի, կամ թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, բազմաթիվ հարցեր են ծագելու:

«Այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, այս անկլավների նկատմամբ հասանելիության, սերվիտուդի հարց կա, այս սահմանների պաշտպանության հարց կա, այս տարածքներում զինված ուժերի ներկայության և չներկայության հարց կա: Անկլավ ի՞նչ է նշանակում. որ այնտեղ հասնելու համար դուք պետք է ուրիշի տարածքով անցնեք, ո՞նց պետք է անցնեք ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այդ հարցը և այդպես շարունակ»,-նշեց վարչապետը:

Նա այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ է տեսնում: Տարբերակներից մեկը, օրինակ, այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում են, և խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է:

«Երկրորդ տարբերակն այն է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ իր հերթին պետք է լինի պայմանագրերի և հետագա վավերացման առարկա: Բայց նաև այս համատեքստում մենք պետք է այս գործընթացների իրավական նրբությունները հաշվի առնենք, հասկանանք՝ որտեղ են հիմնավորված, որն է հիմնավորված, որը չհիմնավորված, որն ապացուցելի, որն անապացուցելի»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ կառավարության խնդիրն անվտանգային առումով այսօր հետևյալն է՝ թույլ չտալ, որ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, թե Հայաստանը հրաժարվում է քննարկել, չի քննարկում, խուսափում է քննարկումից, խուսափում է լուծումներից: Սա ամենակարևոր խնդիրն է:

«Ո՞րն է մեր խնդիրը. թույլ չտալ էսկալացիա: Եվ էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, հարցերն անհասկանալի դարձնելու մասին: Ընդհակառակը՝ մենք պետք է իսկապես գնանք լուծումների, բայց այդ լուծումները բնականաբար պետք է լինեն հիմնավոր և թափանցիկ մեր հանրության մոտ դավադրությունների տեսությունները բացառելու համար»,-ընդգծեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում