Քաղաքականություն

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն որևէ խոստում չի տվել այն տերմինաբանությամբ, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն որևէ խոստում չի տվել այն տերմինաբանությամբ, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը արտատարածքային միջանցքի տերմինաբանությամբ կամ եզրաբանությամբ որևէ խոստում, որևէ մեկին չի տվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Հայաստանի պետք է կառուցողական, ռացիոնալ իրատես լինի, բացի «Զանգեզուրի միջանցքը»:

«Կարծում եմ, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը նույնպես պետք է բաժանել դետալների: Ինչքան էլ դա ժամանակ կտանի, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք մի քանի բան. ես ինչքան կարդացել եմ՝ այնտեղ խոսքը գնում է հետևյալի մասին՝ նա խոսում է Հայաստանի խոստման մասին: Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այստեղ նրբություն կա, որովհետև շատ կարևոր է, թե տերմինաբանությունն ինչպես է ընկալվում, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում, նաև հանրությունը լայնորեն այդ տերմինաբանությունն ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ: Ուրեմն մենք նման տերմինաբանությամբ, նման եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չենք տվել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբեմն, երբ Հայաստանի և օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչների միջև խոսակցություն է գնում ամենատարբեր մակարդակում, հայկական կողմն ասում է, որ միջանցքային այդ տերմինաբանությունը, որն օգտագործում են, ընդունելի չէ: Ըստ ՀՀ վարչապետի նրանք նշում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում, մինչդեռ, նման տերմինաբանություն չկա:

«Մենք ասում ենք՝ այդպիսի բան եռակողմ հայտարարության մեջ գրված չէ: Նրանք ասում են՝ ո՞նց գրված չէ, ասում ենք՝ դա հրապարակային փաստաթուղթ է, խնդրեմ, նայեք, երբ գրված կլինի՝ խնդրում ենք մեզ ցույց տվեք»,-ընդգծեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում