Մշակույթ

15 տարի առաջ «ՌեԱնիմանիան» ստեղծվեց այն սկզբունքով ու գաղափարով, ինչի համար այսօր որոշել ենք այն անցկացնել. Վրեժ Քասունի

13 րոպեի ընթերցում

15 տարի առաջ «ՌեԱնիմանիան» ստեղծվեց այն սկզբունքով ու գաղափարով, ինչի համար այսօր որոշել ենք այն անցկացնել. Վրեժ Քասունի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը համաձայն կազմակերպիչների հայտարարության՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում կայանալու է։ «ՌեԱնիմանիա» 15-րդ փառատոնը, ինչպես և նախատեսված էր, տեղի կունենա հոկտեմբերի 22-28-ը, Երևանում։ Փառատոնի ծրագրի, նպատակների, Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Փառատոնի միջոցով բռնի տեղահանված արցախահայության համար մշակվող նախաձեռնությունների մասին զրուցել ենք «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին։

ReA_logo-01.jpg (494 KB)

- Պարոն Քասունի, վերջին դեպքերից հետո հայտարարություն էիք տարածել, որ «ՌեԱնիմանիա» փառատոնը չի չեղարկվելու։ Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք, այնուամենայնիվ, անցկացնել փառատոնը։

- Այս տարին «ՌեԱնիմանիա»-ի ու մեզ համար հոբելյանական է. լրանում է փառատոնի 15, հայկական անիմացիայի՝ 85-ամյակը։ Արդեն մի քանի տարի է, ինչ հարաբերական դադարի փուլում էինք, որովհետև 2020-ի դեպքերը եղան՝ համավարակ, հետո պատերազմ…։ Վերջին շրջանում, հատկապես երբ այցելեցինք Annecy միջազգային կինոփառատոն, հասկացանք, որ Հայաստանից սպասելիքները շատ են, մեզ կարոտել էին այնտեղ, ու մեր նորությունների, ձեռքբերումների հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ էր։ Որոշել էինք, որ մեծ շուքով կնշենք հոբելյանական տարին ու շատ նոր ծրագրով կներկայանանք, ավելի շատ մասնակիցներ կներգրավենք։ Սակայն Արցախում տեղի ունեցածն ամեն բան փոխեց։ Մենք նախևառաջ կանգնեցինք գոյատևելու կամ չգոյատևելու, կոտրվելու կամ առաջ շարժվելու ընտրության առջև։ Ընտրեցինք՝ ապրելն ու արարելը, և Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մենք Փառատոնն անցկացնելու որոշում կայացրեցինք։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրը կարիք ունի իր ազգային ինքնությունն ու ոգին պահպանելու, նոր արժեքներ ստեղծելու ու արարելու և աշխարհին ներկայանալու իր հարստագույն մշակութային ժառանգությամբ։ Բնականաբար, իրավիճակով պայմանավորված, Փառատոնի ծրագրում կատարել ենք փոփոխություններ. չեղարկել ենք բոլոր ժամանցային բաղադրիչները, շեշտադրումը կրթական, նոր համագործակցությունների և ոլորտի զարգացման աջակցության նախագծերի իրականացման վրա է լինելու։

Կա քաղաքականություն ու կա մշակութային քաղաքականություն, որը, գրեթե միշտ, փակում է այն բացերը, որոնք թողնում է քաղաքականությունը։ «ՌեԱնիմանիան», ինչպիսին և ստեղծվել է 15 տարի առաջ, այսօր էլ հարթակ է, որը հնարավորություն կտա մշակույթի և անիմացիոն կինոլեզվի միջոցով խոսել մեր երկրի առաջնահերթությունների մասին, լսելի դարձնել Հայաստանի ասելիքը։

Փառատոնի հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդներին՝ հասցեական ու թիրախային նպատակով։ Նախատեսում ենք անիմացիոն տեխնոլոգիաներ, AI, և VR-ի կիրառություն անիմացիոն կինոարվեստում ու հարակից այլ մասնագիտությունների դասընթացներ անցկացնել՝ ներգրավելով լավագույն մասնագետներին։ Մեր նպատակն է բացահայտել տաղանդներին, աջակցել նրանց ու նպաստել հետագայում համագործակցության և աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։

Reanimania-3jpg.jpg (369 KB)

- Կպատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ ճանապարհ եք անցել, ինչպե՞ս եք հայտնվել անիմացիոն արվեստի ոլորտում։

- Հալեպում եմ ծնվել։ Սակայն Քասունիներն Արևմտյան Հայաստանից են, սերում են Քեսունցիների իշխանությունից։ Քեսունը փոքրիկ գյուղաքաղաք է այժմյան Թուրքիայում, որն ունի իր ամրոցը, եկեղեցին, այսօր Քեսունը վերանվանվել է և կոչվում է Բեհսնի, սակայն, բարեբախտաբար “Քեսուն” անունով գրությունները դեռևս պահպանվել են տարածքում։ Բնակիչները մեծամասամբ հայեր են, հայերեն չեն խոսում, բայց գիտակցում են, որ հայ են։ Հետո մեր գերդաստանը տեղափոխվել է Այնթապ, այնուհետև Մարաշ և Հալեպ։

Հայաստան վերադարձել եմ 1999-ին, 28 տարեկան էի։ Ինձ համար շատ կարևոր որոշում էր՝ գիտակցական տարիքում վերադառնալ հայրենիք և շարունակել գործել այստեղ։ Հալեպում գեղանկարչի կրթություն ստացել էի, բայց այստեղ էլ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում սովորեցի։ Սկզբնական շրջանում մտածում էի, այստեղ սովորելուց, հետո վերադառնալու և Սփյուռքում մասնագիտական դպրոց բացելու մասին։ Բայց հասկացա, որ՝ ոչ, ուզում եմ այստեղ մնալ։ Ու բոլորին խորհուրդ էի տալիս մասնագիտական կրթությունն այստեղ ստանալ։

Անիմացիոն ոլորտ մտա, որովհետև մանկուց սիրել եմ։ Ճիշտ է, ծնողներս գեղանկարիչներ չեն եղել, այս ուղղության հետ կապ չեն ունեցել, բայց Քասունիները հիմնականում արվեստի ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ են։ Հայրս արվեստը գնահատող արհեստավոր էր, հրաշալի նկարում էր։ Երբ սկսեցի խորապես ուսումնասիրել անիմացիոն արվեստը, ծանոթացա լավագույն վարպետների հետ։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն եմ ունեցել սովորել նաև Ռոբերտ Սահակյանցի հետ, որը հայկական անիմացիայի դասականներից է, ժամանակի ընթացքում նաև ընկերացել էինք միմյանց հետ։

- Ինչպե՞ս առաջացավ «ՌեԱնիմանիա» փառատոնը հիմնելու գաղափարը։ Զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել Փառատոնը։

- 2004 թվականին «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ նկատեցի, որ անիմացիոն ֆիլմեր չկան, ընդամենը մեկ-երկուսը։ Երբ այստեղ առաջարկում էի, որ անիմացիոն ֆիլմերի փառատոն էլ լինի, հիմնականում ասում էին՝ մերը չէ, տարբեր ոլորտ է և այլն։ Սկսեցի միջազգային կինոփառատոնների ժամանակ տարբեր ձևաչափերում խոսել այդ մասին, հասկանալու նրանց մոտեցումները։ Բոլորը շատ հետաքրքրված էին։ Այդպես 2009-ին անցկացրինք առաջին «ՌեԱնիմանիա» փառատոնը։

15 տարի առաջ անիմացիան ընկալվում էր միայն մուլտֆիլմ, այսօր, կարծում եմ, հաջողել ենք մուլտֆիլմից անցում կատարել կինոարվեստ։ 2009 -ին առաջին փառատոնին ներկայացրինք նախորդ երկու տարիների լավագույն անիմացիոն ֆիլմերը, լիամետրաժ ֆիլմերի դահլիճները լեփ-լեցուն էին, 2000 մասնակից ունեինք, ինչն այդ ժամանակ մեզ համար լուրջ արդյունք էր։

«ՌեԱնիմանիայի» բումը 2018-ին էր, 10.000 հանդիսատես ունեցանք։ Այդ տարի հիմք դրեցինք վարպետաց դասերի մշակույթին, նոր հարթակ ստեղծեցինք, որով մեր անիմատորները կարողանում էին ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը և համաարտադրության հնարավորություն ստանում աշխարհի լավագույն պրոդյուսերների հետ։

Այս տարի ևս ունենալու ենք MarAni (Market of animation) hարթակը, որտեղ ունենալու ենք վորքշոփեր, վարպետաց դասեր, պանելային քննարկումներ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Խոսելու են վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։ Հյուրեր ենք ունենալու Դիսնեյից, «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալներից և այլ աշխարհահռչակ դեմքեր։ Զուգահեռ լինելու է համաարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համաարտադրողներին ներկայացնելու են իրենց նախագծերը, քննարկելու են համագործակցության հնարավոր ուղիները և կարող են հիմք դնել ապագա համատեղ արտադրությունների կազմակերպման և իրականացման համար:Այսինքն՝ այս տարի փորձել ենք ավելի ուժեղացնել Փառատոնի առևտրայնացման հարթակը, և ավելի պրակտիկ առաջարկներ ներկայացնել մասնակիցներին։

Մենք հրաշալի անիմացիոն ստուդիաներ ունենք, որոնց հետ ցանկություն են հայտնում աշխատելու միջազգային ընկերությունները։ Դրա ապացույցն այն է, որ փառատոնի շրջանակում Տիգրան Առաքելյանի OnOff ստուդիան համագործակցության հուշագիր է կնքելու ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի հետ։

Այսօր արդեն վստահաբար կարող եմ ասել, որ 15 տարի առաջ փառատոնը ստեղծվեց հենց այն նպատակով, սկզբունքով ու գաղափարով, ինչի համար, որ այսօր որոշել ենք այն անպայման անցկացնել։ Այս տարիների ընթացքում մենք զգալի արդյունքներ ենք ունեցել, Հայաստանը իր ուրույն դիրքերն է զբաղեցրել ոլորտի քարտեզում, բազմաթիվ երիտասարդներ ձեռք են բերել միջազգային կապեր, նոր համագործակցություններ, առաջ են մղել ու կյանքի կոչել իրենց գաղափարները, որոշներն անձնական ստուդիա են հիմնել։ Այս ամենը նաև բիզնեսի, երկրի տնտեսության զարգացմանն է նպաստում։

Անկեղծանամ՝ ինձ համար մի քիչ բարդ է փառատոնի կազմակերպումը. ես նկարիչ եմ՝ տարվա ընթացքում մի քանի ամիս չեմ նկարում, նեղվում եմ (ժպտում է,-խմբ.)։

2.jpg (177 KB)

- Հայկական անիմացիայից խոսենք, այս տարի այն 85 տարեկան է դառնում

- Մենք ունենք անիմացիոն հարուստ պատմություն, ու այն դասական է համարվում։ Հայկական անիմացիան հզոր դեմքեր է ունեցել, իսկ զարգացման բումը եղել է երկրորդ համաշխարհայինից հետո, երբ անիմացիան արդեն ազգային մոտեցում է որդեգրել։ Շնորհիվ նոր սերնդի՝ հայաստանյան անիմացիան ստացել է ուրույն ձեռագիր։ Այսօր էլ նոր սերնդի ու երիտասարդների շնորհիվ այն մեծ թափ է ստանում, որովհետև երիտասարդները ուրիշ կերպ են մտածում, ավելի խենթ են, ավելի համարձակ, ավելի ստեղծարար։ 2009-ին ստեղծվեց «ՌեԱնիմանիան», համախմբեց երիտասարդներին, բոլոր հետաքրքրվողներին, և այդպես ոլորտն աստիճանաբար սկսեց կայանալ ու ձգտում է դիրքերն ամրապնդել այսօր էլ։ Շատ արագ, օրեցօր է զարգանում ոլորտը։ Վստահ եմ, որ մի քանի տարի հետո մենք լրջագույն մրցանակների ենք արժանանալու, նշանակալի հաջողություններ ենք ունենալու։

Այս տարի դրական փոփոխություն ենք արել նաև հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրության ձևաչափում։ Ցույց ենք տալու ինչպես «անցյալը», այնպես էլ «ապագան»։ Հայկական անիմացիայի պատմության մեջ ուշադրության արժանի բազմաթիվ անուններ կան, այս տարի անդրադառնալու ենք վեցին՝ Լև Ադամանով, Վալենտին Պոդպոմոգով, Ռաֆայել Բաբայան, Ռոբերտ Սահակյանց, Ստեփան Անդրանիկյան, Յուրա Մուրադյան։ Նրանք այն մասնագետներն են, ովքեր հայկական անիմացիայի զարգացման դրոշը միմյանց փոխանցելով՝ այն այսօր հասցրել են մեզ։ Իսկ ցուցադրությունների ձևաչափը հետևյալն է՝ յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ տվյալ անիմատորների ժամանակակից հետնորդներից մեկի հետ փոդքասթային հարցազրույց է լինելու, որից հետո ցուցադրվելու են երկուսի ֆիլմերը։ Օրինակ՝ Ռոբերտ Սահակյանցի մասին խոսելու ենք որդու՝ Դավիթ Սահակյանցի հետ, հետո ցուցադրելու ենք ինչպես նրա, այնպես էլ Ռոբերտ Սահակյանցի անիմացիոն ֆիլմերից։ Այսինքն ցույց ենք տալու հայկական անիմացիայի զարգացումը անցյալից բերելով ներկա ու տանելով դեպի ապագա։ Նշեմ, որ այս ցուցադրությունները լինելու են ԹՈՒՄՈ կենտրոնում, և վայրի ընտրությունն էլ պատահական չէ։

- Որտե՞ղ են տեղի ունենալու բուն ցուցադրությունները, և էլ ինչպիսի՞ ծրագրեր են լինելու փառատոնի շրջանակում։

Ցուցադրությունները լինելու են Կինոյի տանը։ Այս տարի, իսկապես, խիտ և հագեցած ծրագիր ունենք՝ նաև փառատոնի շրջանակում իրականացվող այլ նախագծերի տեսանկյունից։ Օրինակ՝ այս տարի ազգային մրցույթ ենք հայտարարել պատկերապատման մասնագետների համար։ «ՌեԱնիմանիան» «ճանաչողները» գիտեն, որ այն ստեղծվել է ոչ թե զվարճանքի կամ ժամանցի սկզբունքով, այլ կոնկրետ ոլորտի զարգացման նպատակով։ Այս տարիների ընթացքում մենք նշանակալի հաջողությունների ենք հասել, ինչը ցույց է տալիս, որ մեր որդեգրած մշակութային քաղաքականությունը պետք է շարունակենք, չդադարենք արարել, հատկապես այսօր՝ մեր հայրենիքի համար այս դժվարին փուլում։ «Կյանքը պատկեր է. կենդանացրու այն». սա մեր փառատոնի կարգախոսն է։ Վերջին շրջանի պատկերները տխուր են, մենք պետք է նոր շունչ ու գույն տանք, վերակենդանացնենք դրանք։ Կյանքն առաջ է գնում և թելադրում իր հետ միասին առաջ գնալ, կյանքն ապրել է թելադրում։

REA_POSTER_FINAL.jpg (1.39 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում