Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանում «Հայկական գորգեր. միստիկ իմաստներ եւ զարդանախշեր» թեմայով դասախոսություն է կազմակերպվել

3 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական թանգարանում «Հայկական գորգեր. միստիկ իմաստներ եւ զարդանախշեր» թեմայով դասախոսություն է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի հայկական թանգարանում հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել դասախոսություն՝ «Հայկական գորգեր․ միստիկ իմաստներ եւ զարդանախշեր» թեմայով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնությունը նպատակ էր հետապնդում լսարանին ներկայացնել հայկական գորգագործության` որպես արվեստի ուրույն ճյուղի զարգացման  նախապատմությունը։  

Պատմաբան, մշակութային շարժումների հետազոտող Լիլիանա Նիկողոսյանի խոսքով` գորգերը հայկական միջավայրում  ստեղծվեցին այն ժամանակ, երբ կենցաղում զգացվում էր դրանց կարիքը՝ կենսապայմաններով պայմանավորված։ 

«Բայց կարճ ժամանակում  գորգագործությունը հայերի  կողմից կատարելագործվեց։ Պետք է նշել, որ դրանք արվեստի գործեր էին, որոնք ստացվում էին բավականին բարդ գործընթացի արդյունքում։  Գույները ստացվում էին բացառապես բնական ճանապարհով. դեղինը ստանում էին քրքմածաղկից, շագանակագույնը` ընկույզի, իսկ սեւը՝ նռան կեղեւից։ Որպես հումք` օգտագործվում էր ոչխարի, հաճախ նաեւ այծի եւ ուղտի բուրդը։ Առանձին տեղ ուներ որդան կարմիրը, որն աշխարհին հայտնի դարձավ հենց հայերի շնորհիվ, եւ որին առավել մանրամասն անդրադարձել է Հերոդոտոսը իր` հայ ժողովրդի մասին  աշխատության մեջ»,-նշեց պատմաբանը` ընդգծելով, որ գիտնականները հետազոտությունների արդյունքում եկան այն եզրակացության, որ գորգի ամենավաղ նմուշը, որ գտնվել է Ալթայում եւ թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով, ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։ 

Նիկողոսյանն անդրադարձավ նաեւ հին հայկական գորգերի վրա տեղ գտած խորհրդանիշներին։ Նա նշեց, որ դրանցից յուրաքանչյուրը մի իմաստ է արտահայտել, եւ հաճախ գորգերի վրա մասնագետները գորգագործի ասելիքն են կարդում։ 

«Գորգի գործվածքից հասկացվում էր` այն տղամարդու, թե կնոջ համար է գործված։ 10-13-րդ դարերում գորգերն արտադրվել են բացառապես հայերի կողմից եւ արտահանվել Կիլիկյան Հայաստանից Եվրոպա։ Այդ մասին հավաստի հիշատակումներ ունի Մարկո Պոլոն։ Եվ եթե տարածաշրջան եկած այլ ազգեր հիմա ներկայանում են իրենցը համարվող գորգերով, դրանք հայկական զարդանախշեր են պարունակում եւ գիտնականները տվել են նաեւ այդ հարցի պատասխանը. հայերը նրանց տուրք էին տալիս հենց գորգերի տեսքով»,-ընդհանրացրեց բանախոսը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում