ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:
«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- հավելեց Բաղդասարյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: