Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների միջև հանդիպում կանցկացվի՝ քննարկելու վերջիններիս ակնկալիքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների միջև հանդիպում կանցկացվի՝ քննարկելու վերջիններիս ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 9-ին ԼՂ-ից բռնի տեղահանված ձեռներեցների հետ հանդիպում կանցկացնի՝ քննարկելու նրանց ակնկալիքները՝ Հայաստանում բիզնեսը վերսկսելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հոկտեմբերի 9-ին ժամը 16։00-ին էկոնոմիկայի նախարարությունում մեր թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև հանդիպում կանցկացվի։ Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ արդեն 40-ից ավելի բիզնեսմեն գրանցվել է:

Քերոբյանն ընդգծեց՝ ակնկալում են հասկանալ ձեռնարկատերերի կարիքները։ Փորձելու են իրենց ծրագրերն այնպես վերախմբագրել, որպեսզի բիզնեսմենները կարողանան արագ ստանալ անհրաժեշտ ռեսուրսները՝ արագ վերականգնելու իրենց բիզնեսը, մանակցելու ՀՀ-ի տնտեսական կյանքին։

Նախարարը նշեց՝ նպատակ ունեն նաև ստեղծել այնպիսի ծրագիր, որը թույլ կտա ամբողջական լուծել 100 հազարից ավել բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում