Հասարակական

Սևանա լիճ են դուրս բերվել պարեկային ծառայության մոտորանավերը

2 րոպեի ընթերցում

Սևանա լիճ են դուրս բերվել պարեկային ծառայության մոտորանավերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լիճ հոկտեմբերի 6-ին դուրս են բերվել պարեկային ծառայության մոտորանավերը։ Արարողությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ոստիկանության և պարեկային ծառայության ղեկավար կազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, կարևորելով ջրային պարեկային ծառայության տեխնիկական համալրման գործում արված ներդրումը՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին աջակցության համար։

«Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցներով ծառայության իրականացումը հնարավորություն կտա պարեկներին առավել արդյունավետ կատարել իրենց առաքելությունը։

Արա Ֆիդանյանն ընդգծեց Սևանա լճում և ափամերձ տարածքներում ինչպես քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու, այնպես էլ հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ընթացքում ջրային փոխադրամիջոցների անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկաները նավերով շրջել են Սևանա լճում՝ տեղում ծանոթանալով փոխադրամիջոցների հնարավորություններին և համալրվածությանը։ Դրանք կահավորված են ջրի վրա պարեկային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքերով և միջոցներով։ Մոտորանավերը պատրաստ են ծառայության ցանկացած եղանակի։

Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ՌԴ ՆԳ նախարարությունը ՀՀ ՆԳ նախարարությանն է նվիրել մոտորանավեր և ծառայողական շներ, որոնք կնպաստեն Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների ծառայողական խնդիրների կատարմանը։

Զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ՝ դեկտեմբերին Սևանա լճի տարածքում ջրային պարեկային ծառայության գործարկման նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում