Հասարակական

Գերասիմ Ավետիսյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Գերասիմ Ավետիսյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Աբովյանի բնակիչ Գ. Ավետիսյանի (Գերասիմ Ավետիսյան – խմբ.) կողմից քաղաքական հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով՝ «Գերաս Ավետիսյան» անունով օգտատիրոջ անհատական էջով, սեպտեմբերի 21-ի ժամը 14:15-ին և 14:23-ին տեսանյութեր են հրապարակվել, որոնցում, Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական սուր իրադրության պայմաններն օգտագործելով, կոչ է արվել զենքերը վայր չդնել, զինվել մահակներով, դանակներով, բենզինի շշերով և այլ առարկաներով՝ հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու նպատակով։ Այդ տեսանյութերը տարածվել են նաև առցանց սոցիալական այլ հարթակներով։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գերասիմ Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում