ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Լեռնային Ղարաբաղի համար համազգային աղոթք։ Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
«Անսաման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գարեգին Երկրորդը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև։ «Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում»,- ասաց նա։
Վեհափառ Հայրապետը հորդորեց ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու հայ ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն Հայաստանի ապագայի երաշխավորման։
«Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած»: Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ»,- հավելեց Գարեգին Երկրորդը։
Կաթողիկոսը կոչ արեց միասնաբար աղոթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինել։ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ արեց ամուր ու տոկուն լինել, հաստատուն մնալ հավատի ու հույսի մեջ, շարունակել ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահել սերը հայրենական ավանդների նկատմամբ։
«Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ: Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»,- եզրափակեց կաթողիկոսը։
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Հոկտեմբերի 1-ին դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 483-ի: