Մեթյու Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված միջազգային դիտորդական առաքելություն ԼՂ ուղարկելու առումով և դրա շուրջ աշխատանքներ է տանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով, որ պետքարտուղարն այդ հարցը բարձրացրել է նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում, պնդել է, որ նա աջակցի միջազգային առաքելությանը։ Դուք, գուցե, տեսել եք, որ երեկ (խմբ.՝ սեպտեմբերի 27-ին) Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և, ըստ էության, նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրան դրդում է ԱՄՆ-ն», - հայտնել է Միլլերը։

Պաշտոնյան նաև կրկնել է, որ Վաշինգտոնն աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու դա իրականացնելու լավագույն մեխանիզմը։

«Կարծում ենք, որ կարևոր է թափանցիկություն ապահովել և երաշխավորել, որ տեղում հումանիտար կարիքները բավարարվեն», - նշել է նա։

Պետքարտուղարության խոսնակը մանրամասներ չի հայտնել, թե որ երկրների հետ է ԱՄՆ-ն պատրաստվում աշխատել այդ հարցում, քանի որ այդ առաքելության մեկնարկի ժամկետները, մասնակիցների կազմը, գործունեության շրջանակը դեռ քննարկման փուլում են։ Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ այդ ամենի շուրջ այժմ աշխատանք է տարվում։

Հայերեն English Español Русский Türkçe

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել