Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի և նրա տեղակալի հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի և նրա տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, չինական կողմի հրավերով, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում անցկացված Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Ֆորումի շրջանակներում քննարկվել են համաշխարհային և հանրային անվտանգության ժամանակակից մարտահրավերները, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները։

«Ազգային պատվիրակությունների ընդունելության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հետ հանդիպել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար Վան Սյաոհոնգը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է ֆորումի նշանակությունը աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համընդհանուր ձգտումների առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել նաև ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի 1-ին տեղակալ Հու Գանլուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ծանոթացել են միմյանց կառույցների գործառույթներին, քննարկել ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։

Երկուստեք ցանկություն է արտահայտվել ակտիվացնելու երկխոսությունը՝ իրավական փոխօգնություն ցուցաբերելու հարցում համագործակցության խորացման ուղղությամբ։ Կարևորվել է հատկապես կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ջանքերը համատեղելու, տեղեկատվության փոխանակման արդյունավետ կառուցակարգեր գործարկելու անհրաժեշտությունը։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված իրավական փոխօգնության վերաբերյալ բոլոր հարցումներին բարեկամ Չինաստանի իրավապահ մարմինների արձագանքը մշտապես եղել է օպերատիվ և որևէ հարցում անկատար չի մնացել, ինչը գործընկերության ծավալման և արդյունավետության լրացուցիչ վստահություն է ներշնչում:

Նշվում է, որ Հու Գանլուն գոհունակություն է հայտնել, որ ի դեմս ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի՝ Հայաստանը ևս մասնակցություն է ունենում համաշխարհային նշված ֆորումին՝ պատրաստակամություն հայտնելով ավելի առարկայական դարձնելու համագործակցության շրջանակներն ու ձևաչափերը, ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում