Պաշտոնական

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային Ժողով նախագահ Ալեն Սիմոնյանըսեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածվել ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը:

«Արդյունքում՝ կան հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց և երեխաների շրջանում:Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել և մնացել են անօթևան՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

DAV_4127 copy.jpg (5.28 MB)

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, ինչի ականատեսն ենք դեռ 44-օրյա պատերազմից հետո, իսկ այս օրերին այդ քաղաքականությունն իրագործվում է ամբողջ թափով:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն առայժմ Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը:Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետևանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ և արժանապատվորեն ապրելու իրավունքից:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:

Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը:Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ և դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:

«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ: Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում