ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին կացարան առաջարկվում է, բայց մի մասը մեկնում է իր նախորոշած հասցեով. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան, բայց նրանց մի մասը հայտնում է, որ կացարանների նախորոշված հասցեներ ունի, որտեղ մեկնում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նրանց հետ կապն ամեն դեպքում պահպանվում է, որպեսզի հետագա սոցիալական խնդիրները կառավարվեն:
«Հնարավոր է, որ հիմա մարդիկ գնան իրենց որևէ հարազատի տանն, օրինակ, մեկ շաբաթ մնան, դրանից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ: Նաև հնարավոր է՝ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ, կապված՝ սննդի կոմունալ վճարների հետ: Նրանց հետ կապը կպահվի, որպեսզի այդ աջակցությունը հասու լինի մեր քաղաքացիներին»,- նշեց ՀՀ վարչապետը՝ պարզաբանելով, որ այս պահին լուծվում է կարճաժամկետ տեղավորման խնդիրը, իսկ հաջորդը կլինի միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնելը: