ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:

«Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:

Դրան զուգահեռ՝ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:

Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:

Հայերեն English Русский

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին