Քաղաքականություն

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետդեպարտամենտի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում նա ԱՄՆ անունից իր բարեմաղթանքներն է հղել Հայաստանի ժողովրդին։

«Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հանուն բոլոր հայերի։ Այս արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք այս ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։

Պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով բարգավաճ և խաղաղ տարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում