Հասարակական

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Հակոբյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Տեղեկացվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է գրառում հետևյալ բովանդակությամբ. «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։

Այդ կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելունկամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Դիլիջանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Հակոբյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում