Քաղաքականություն

ԼՂ-ին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԼՂ-ին հատկացվող մարդասիրական օգնության հասանելիությունը պետք է լինի առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Արցախին անխափան կերպով հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա սոցցանցի X հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ մարդասիրական երկու շարասյուն հասել են Լեռնային Ղարաբաղ։

«Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության համար առաջին քայլը ՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի ու ՄԱԿ-ի դատարանի որոշումների»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ:

Արցախի ԱԳՆ-ն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային դերակատարները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անվտանգ և անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների»։

Գերատեսչության պնդմամբ՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում