Հրդեհ Աթոյան փողոցում. մեկ քաղաքացի այրվածքներ է ստացել, 5-ը՝ տարհանվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ (3 երեխա, 2 մեծահասակ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 13:10-ին:Այրվել են բնակարանի (60 քմ) հյուրասենյակի ու ննջասենյակի կահույքը և կենցաղային իրեր։
Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Գ. Գ.-ն այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ,որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։