Սեւան համայնքի Ծովագյուղ եւ Ծաղկունք գյուղերում ընթանում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ եւ Ծաղկունք գյուղերում այժմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սեւան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շրջանակներում այս օրերին աշխատանքներ են իրականացվում Ծովագյուղ եւ Ծաղկունք բնակավայրերում:

Ծովագյուղում ծրագիրն ասֆալտապատման փուլում է, որը հաջորդել է հողային, խճային հիմքի աշխատանքներին, եզրաքարերի տեղադրմանը: Աշխատանքներում ընդգրկված է 23 փողոց, փակուղի, նրբանցք` 33034 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմամբ։

Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից:

Ծաղկունքում նախատեսվում է ասֆալտապատել 8070 քառակուսի մետր, Դդմաշենում՝ 5968 քառակուսի մետր մակերես ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ։ Ծրագրային պայմանագրային արժեքը 524 միլիոն 605 հազար 510 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն