Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է սկսել միջուկային զենքի դերի վերաբերյալ բաց քննարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Kyodo News-ը հայտնում է, որ Կոիձումիի գնահատմամբ՝ Ճապոնիան այլևս չի կարող խուսափել այս հարցին անդրադառնալուց, քանի որ երկրի շուրջ անվտանգության միջավայրը գնալով ավելի է բարդանում։
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի ավարտը վերանայել ազգային անվտանգության երեք առանցքային ռազմավարական փաստաթղթերը։
Ճապոնիան 1967 թվականից հետևում է երեք ոչ միջուկային սկզբունքներին՝ միջուկային զենք չարտադրել, չունենալ և թույլ չտալ դրա ներմուծումն իր տարածք։ Երկիրը միաժամանակ անվտանգության հարցում ապավինում է ԱՄՆ-ի ընդլայնված զսպման համակարգին, որը ներառում է նաև ամերիկյան միջուկային կարողությունները։
Կոիձումին որպես Եվրոպայում միջուկային պաշտպանության շուրջ քաղաքականության փոփոխության օրինակներ նշել է Ֆինլանդիան և Ֆրանսիան։ Ֆինլանդիայի խորհրդարանը հունիսին թույլատրել է պաշտպանության անհրաժեշտության դեպքում միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումն ու պահումը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարել է երկրի միջուկային զինանոցի ընդլայնման մասին։