Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2023 թվականին նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանը:

Ըստ աղբյուրի՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամեն տարի միանում է Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրին: Գրադարանի ներկայացրած «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթող նախագծերից է:

««Հեքիաթի դեսպաններ» նախագծի շրջանակում գրադարան են հրավիրվում տարբեր մշակույթների մարդիկ, որոնք հեքիաթ են պատմում իրենց մայրենի լեզվով: ««Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ենք ունենում գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը տանելու նաև մարզեր՝ ծրագրում ներգրավելով տվյալ համայնքի երեխաներին: Նպատակը՝ մարզերում մշակույթի ապակենտրոնացումն է և տեղում երեխաների գեղարվեստական կրթության ժամանցի կազմակերպումը»,- նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև Տավուշի մարզի Աչաջուր և Լոռու մարզի Սպիտակ համայնքների գրադարաններում: Նշված համայնքների գրադարաններում կկազմակերպվեն գրքի ճամբարներ, կբացվեն գրքի անկյուններ, ավելի քան 200 անուն գրականություն կնվիրաբերվի այս գրադարաններին, հիմնականում՝ մանկապատանեկան և եվրոպական ժառանգության թեմատիկայով:

«Ծրագրի առաջին օրը նշված գրադարաններում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթներ կկարդան երեխաների համար: Հաջորդիվ 3 աշխատանոցներում կանցկացվեն վարպետության դասեր: Համայնքների երեխաներին կներկայացվեն Եվրոպական ժառանգությանը նվիրված պատմություններ, տեղի կունենան նախապես ընտրված ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ: Նկարազարդողների համար կանցկացվեն վարպետության դասեր և երեխաները կարդացած ստեղծագործությունների հիման վրա կցուցադրերն իրենց նկարչական գիտելիքներն ու հմտությունները: Որպես ծրագրի ամփոփում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկազմակերպի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն երեխաների աշխատանքները: Օրվա շրջանակում երեխաները կայցելեն նաև տարբեր մշակութային հաստատություններ:

Մատենագիտությունը գրադարանի կարևոր գործառույթներից է

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 1963 թվականից ծավալում է հրատարակչական գործունեություն. մինչ օրս կազմել և հրատարակել է ավելի քան 1000 մասնագիտական գիրք: Դրանք մանկագիրների կենսամատենագիտություններն են՝ մանկական գրականության մատենագիտությունը՝ սովետահայ շրջանից մինչ մեր օրերը: Կազմվել և հրատարակվել են նաև մանկական թարգմանական գրականության, գրադարանավարների և ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների մատենագիտությունները: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

Վերապատրաստման և վարպետության դասեր՝ գրադարանային գործի մասնագետների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մշտապես իրականացնում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է՝ գրադարանը վերապատրաստման դասընթացներ է իրականացնում համայնքային, գյուղական, մարզային գրադարանների գրադարանավարների համար: Նախորդ տարիներին վերապատրաստվել են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի համայնքային և մարզային գրադարանների գրադարանավարները: Այս տարի վերապատրաստվել են Սյունիքի և Տավուշի մարզի համայնքային, գյուղական, մարզային գրադարանների 50 գրադարանավարներ:

Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը շարունակական է և հաջորդ տարի նախատեսում է վերապատրաստել դպրոցական գրադարանների գրադարանավարներին ևս. «Վերապատրաստման և վարպետության դասընթացների իրականացման համատեքստում անչափ կարևորում ենք նաև արտերկրի մեր գործընկերների փորձը: Մասնագիտական փորձի փոխանակման գործընթացը կարևոր է ոչ միայն մեր մասնագետների, այլև դրսի գործընկերների համար»:

2023 թվականի հոկտեմբերի սկզբին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի վերապատրաստման միջազգային եռօրյա դասընթաց՝ ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, ուսուցիչների, մանկական հոգեբանների համար: Դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:

Մաս 2, շարունակելի

1-ին մասը՝ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/17584

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն