Քաղաքականություն

ԵԽ պատգամավորն անընդունելի է համարում, որ Ադրբեջանը չի հարգում Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա միջազգային համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորն անընդունելի է համարում, որ Ադրբեջանը չի հարգում Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա միջազգային համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը ցավալի եւ անընդունելի է համարում, որ, չնայած Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա քաղաքական, միջազգային եւ իրավական համաձայնությանը, Ադրբեջանի կողմից դա չի հարգվում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սանչես Ամորը նախ իր անգոհունակությունն է հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն, անտեսելով ստեղծված իրավիճակը, գնում է Ադրբեջան եւ գազի գործարքներ կնքում, իսկ հետո կարեւորել է Թուրքիայի հնարավոր դերակատարությունը Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու հարցում։ «Թուրքիան կարող է լավ միջնորդ լինել, սա մի փորձություն է, որը կարող է Թուրքիայի հանդեպ վստահությունը վերականգնելու համար լավ ապացույց լինել։ Նրանք աջակցեցին պատերազմին, աշխարհում միակ երկիրն էր, որ ասաց՝ լուծումը ռազմական է։ Այժմ Թուրքիան կարող է լավ դեր խաղալ և աշխարհին ապացուցել, որ վերադարձել է միջազգային ասպարեզ՝ յուրաքանչյուր հարցի մոտենալով կանոնների վրա հիմնված մոտեցմամբ։ Հետեւաբար, ըստ իս՝ սա փորձություն է Թուրքիայի համար», - ասել է եվրախորհրդարանականը։

Նաչո Սանչես Ամորը վստահ է՝ եթե Թուրքիան ցանկանա, Ալիեւի վրա ազդելու լծակներ ունի։ Ըստ զեկուցողի՝ Թուրքիայի իշխանությունները կարող են փորձել մեղմել իրավիճակը և նպաստել, որպեսզի ծանր վիճակում հայտնված մարդկանց կարիքներն ապահովվեն։

Լիլիթ Գասպարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում