Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:

«Ճանաչելով Ձեզ եւ տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը եւ ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը: Ի պատասխան՝ Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաեւ ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում