Հասարակական

Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 սահմանամերձ բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը կապված է 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց լույսի և երջանկության ճրագը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ. ծրագրի շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում