Քաղաքականություն

Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը 

2 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ են Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանն ուղղված հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄԷ գործընկերոջը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում