Քաղաքականություն

ԼՂ հումանիտար իրավիճակի վատթարացումն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը.  Միրզոյանը՝ Պետքարտուղարության պաշտոնյային

2 րոպեի ընթերցում

ԼՂ հումանիտար իրավիճակի վատթարացումն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը.  Միրզոյանը՝ Պետքարտուղարության պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Ըստ աղբյուրի՝ նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումն ինքնին սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ընդգծելով առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ երկուստեք նշվել է իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել շարունակել շփումներն այդ ուղղությամբ: Նախարար Միրզոյանը շեշտել է ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում