Հասարակական

Ադրբեջանն այսօր նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. պետնախարար

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանն այսօր նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հիշեցրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօր հենց վերոնշյալ «մարդասիրությունն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին:

«Ադրբեջանը ինչպես նախկինում, 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր:

Դեռևս 2020 թ. նոյեմբերի 9-ին, Եռակողմ հայտարարության տեքստը կազմելիս ու այն ստորագրելիս, մասնակից կողմերը իրավացիորեն եկել էին այն եզրահանգման, որ Արցախի ժողովրդի գոյությունը, նրա անվտանգությունը, նրանց կարիքների համար անհրաժեշտ և անվտանգ ապրանքներ ձեռք բերելը, պատշաճ բուժօգնություն ստանալը, արտաքին աշխարհի հետ անվտանգ կապն ապահովելը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության հետ անխոչընդոտ կապի առկայության պայմաններում, որի համար նախատեսվել է Լաչինի միջանցքը:

2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով:

Արցախի ժողովրդի կողմից հումանիտար օգնությունը ՀՀ-ից ստանալու և ՀՀ հետ կապ ունենալու պահանջը ոչ թե կամակոր ցանկություն է, այլ սեփական անվտանգության և պարզապես ինքնապահպանության գիտակցում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ: Մարդուն չի կարելի պարտադրել՝ գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն, այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին:

Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:

Իսկ այսօր Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին»,- նշված է պետնախարարի գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում