ՀՀ ՆԳ նախարար Ղազարյանը ԵՄ պատվիրակության ղեկավար Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ անձնական մեծ ներդրման համար։
«Ներքին գործերի նախարարը վերահաստատելով բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու կամքը՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկկողմ համագործակցության շրջանակներում մեծագույն ձեռքբերում էր Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ոլորտի մյուս ուղղություններով հաջողությունների գրանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են համագործակցության առկա ծրագրերն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։