Տնտեսություն

Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առաջիկայում որոշ կարգավորումներ կիրականացվեն

4 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առաջիկայում որոշ կարգավորումներ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով օրենսդրական և այլ կարգավորումներ են նախատեսվում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Կառավարության նիստի ընթացքում ընդգծեց՝ ներկայումս ՀՀ-ում զբոսաշրջության բնագավառը կարգավորում է 2003 թվականին ընդունված և առայժմ գործող օրենքով:

«Նախորդ երկու տասնամյակների ընթացքում ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Բնագավառը զարգացել է, ինչին զուգընթաց առաջ են եկել բազում նոր մարտահրավերներ: Փոխվել են Հայաստան այցելող ներգնա զբոսաշրջիկների հոսքերը: Այս առումով տվյալ տարվա առաջին կիսամյակում մենք գրանցել ենք 30 տոկոս աճ ոչ թե նախորդ տարվա նկատմամբ, այլ մեր լավագույն զբոսաշրջային տարին համարվող 2019 թվականի նկատմամբ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ մենք ունենք աննախադեպ 68 տոկոս աճ: Ավելացել են բազմաթիվ նոր արտագնա զբոսաշրջային հնարավորություններ մեր քաղաքացիների և ռեզիդենտների համար, հիմնվել է նոր ազգային ավիափոխադրող, նախորդ երկու տարվա ընթացքում բացվել են բազմաթիվ նոր ուղիղ թռիչքներ տարբեր ուղղություններով»,-հիշեցրեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներդնել կարգավորումներ, որոնք համահունչ կլինեն նոր զարգացման տեմպին ինչպես Հայաստան այցելողների համար, այնպես էլ բնակիչների, և կապահովեն սպառողների շահերի պատշաճ պաշտպանություն մի կողմից, իսկ մյուս կողմից կստանդարտացնեն, կկանոնակարգեն ծառյությունների մատուցման որակը:

«Ներկայացված օրենսդրական նախագծով իրականացվում են հետևյալ կարևոր քայլերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և որակի վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայությունների մատուցման գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար: Հաստատվում են զբոսաշրջային բնագավառում կանոնակարգման շրջանակը, կառավարության և պետական լիազոր մարմինների լիազորություններն ու գործառույթները: Զբոսաշրջության բնագավառում ներդրվում է զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան»,-ասաց նա և հավելեց՝ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրի կնքում, երաշխիքների պահանջ և այլն:

Նախագծով որակի ստանդարտները բարելավելու նպատակով ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ:

Այդ նախաձեռնությամբ զբոսաշրջային անձանց նկատմամբ վերահսկողական գործառույթները կպատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Նախատեսվում է, որ զբոսաշրջության մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30-ից, իսկ որոշ կարգավորումներ 2025 թվականի հունիսի 30-ից՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումից հետո:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ պլանավորում են Հայաստան տարեկան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլնի: «Դա կարող է անիրատեսական թվալ, բայց այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ, եթե մենք կարողանանք այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստանից վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա շատ իրատեսական կլինի»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում