Տարածաշրջանային

Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

2 րոպեի ընթերցում

Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմածովային ուժերի սակրավորներն ավարտել են Ստամբուլի մերձակայքում սևծովյան Շիլե բնակավայրի լողափնյա գոտու ստուգումը, որի մոտ անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել է մոտ 30 հրետանային արկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ռազմամթերքը ոչնչացվել է։

Հուլիսի 31-ից Շիլեի լողափերը փակ են, սակրավորները զննել են ափը և այն շրջանը, որտեղ հայտնաբերվել են արկերը, լողափի գոտու մոտ գտնվող տների բնակիչների անվտանգության համար նրանց տարհանել են։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։

Շիլեի դատախազի կարգադրությամբ ութ ռազմամթերք հենց նույն օրը տարվել է տեղի զորամաս, մնացածը սակրավորները ոչնչացրել են օգոստոսի 2-ին՝ դրա համար օգտագործելով ավելի քան 30 կգ պայթանյութ։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Հետաքննության տվյալներով՝ դրանք հնացած հրետանային ռազմամթերք են և ոչ մի առնչություն չունեն Սև ծովում ուկրաինական լողացող ականների հետ։ Թուրքիայի ռազմածովային ուժերը բազմիցս նման ականներ են ոչնչացրել երկրի ափերի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում