Պաշտոնական

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել պարենային և բժշկական աջակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել պարենային և բժշկական աջակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Աշխատանքային խումբն արձանագրել է, որ հունիսի 15-ից ի վեր անհնար է դարձել մինչ այդ ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացված խիստ սահմանափակ ծավալով հումանիտար բեռների տեղափոխումը: Դրա պատճառով Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, դեղորայքի, բժշկական և հիգիենայի պարագաների, վառելիքի սուր պակաս, որը գումարվելով էլեկտրականության մատակարարման խափանմանը, առողջապահական համակարգի, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարմանը և գյուղատնտեսական աշխատանքների դադարեցմանը՝ հանգեցրել է աղետալի հետևանքների:

Արձանագրվել է ստեղծված իրավիճակի հատկապես ծանր ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների, հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և խրոնիկ հիվանդների վրա:

Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում