Քաղաքականություն

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության հարցերը, իրավիճակը ԼՂ-ում

2 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության հարցերը, իրավիճակը ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հուլիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: Ընդգծվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ վերոնշյալ հարցերում փոխհամաձայնության գալու համար նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և ՌԴ երկկողմ փոխգործակցության օրակարգի հարցերի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում