Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքը

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, սահմանվել է մեկուկես տարվա աշխատանքային ծրագիրը, որն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն: Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման և ակտիվ կիրառության, ազդեցության գնահատման և հանրային հատվածում թվայնացման կարողությունների ձևավորման վերաբերյալ վերլուծության, կիբերանվտանգության ազգային կարողությունների ձևավորման ուղղությամբ, գործարկվել են մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, հաստատվել է Հայաստանի թվային ճարտարապետությունը:

Ըստ աղբյուրի՝ ներկայացված զեկույցի հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները ծառայությունների մատուցման քաղաքականության, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների հետ կապված հարցերի շուրջ:

«Վարչապետն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության և թվային տնտեսության վերափոխելու համար զարգացած և անվտանգ միջավայր ու ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն կնպաստի քաղաքացիների ներուժի և բարեկեցության բարձրացմանը, կսատարի ձեռնարկություններին մրցունակության բարելավման գործում և կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում