Մշակույթ

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հաջորդ տարի կնշի գործունեության 40-ամյակը

5 րոպեի ընթերցում

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հաջորդ տարի կնշի գործունեության 40-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ,9 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ամենահայտնի՝ «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»-ը հաջորդ տարի կնշի իր գործունեության 40-ամյակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանը այցելուների պակաս չունի՝ ապրիլ-հունիսին ունեցել է 10 հազ. 350 այցելու, արվում է հնարավորը՝ թանգարանն այցելուների համար էլ ավելի հետաքրքիր դարձնելու․ նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում են հատուկ մշակված ինտերակտիվ կրթական ծրագրեր։ «Նվազեցնում ենք էքրսկուրսիոն հատվածը՝ պատմելը ձանձրալի չդարձնելու համար, փոխարենը, ակտիվ շփման միջոցով դպրոցահասակները հաղորդակից են դառնում թանգարանին»,- «Արմենպրես»-ին նշեց թանգարանի տնօրեն Անի Նազարյանը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են տարվում նաև թանգարանային ցուցադրության թարմացման ուղղությամբ։

358380680_287568236977530_5086233521681902151_n.jpg (577 KB)

«Վերջին տարիներին ցուցադրության փոփոխություններ չեն եղել՝ «քարացած» ցուցադրություն է եղել։ Հիմա փորձում ենք փոփոխություններ անել, բայց, մինչ այդ, ցուցադրական նոր պլանի մշակում պետք է լինի»,- նշում է տնօրենը՝ հավելելով՝ ակտիվացել են նաև թանգարանի սոցիալական էջերը։ Թանգարանը շուտով կունենա նաև քարտեզներ, իսկ տարեդարձի համար՝ կատալոգ։

Թանգարանը, որը Գյումրիում ավելի շատ հայտնի է որպես Ձիթողցյանների տուն, պատկանել է մեծահարուստ վաճառական Պետրոս Ձիթողցյանին։ Այն հարուստ ֆոնդ ունի՝ մատյաններում գրանցված ու մշտական ցուցադրության հանձնված 2269 ցուցանմուշ, որից 1822-ը մշտական ցուցադրված առարկաներն են։ Թանգարանում ներկայացված առարկաներից ու կենցաղային իրերից շատերը խոսուն վկաներն են դարաշրջանի ու Ալեքպոլի հարուստ ժառանգության։ Ալեքսանդրապոլը՝ ներկայիս Գյումրին, արդյունաբերական քաղաք էր արդեն 19-րդ դարում։

358409621_662329602617648_8718061356201922568_n.jpg (393 KB)

19-րդ դարի վերջերին ու 20-րդ դարի սկզբներին քաղաքում ու նրա սահմաններից դուրս հայտնի է դառնում կրի ու աղյուսի գործարանների արտադրանքը։ Հակոբ Քյանդարյանի կրի ու աղյուսի գործարանը գտնվում էր Թիֆլիսյան փողոցի վրա։ Գործարանի վառարանները վառվում էին ամեն տարի ապրիլի 1-ից-նոյեմբերի 1-ը։ Յուրաքանչյուր վառարանում լցվում էր 5 հազար փութ կրաքար, որի մշակումից ստացվում էր 3 հազար փութ կիր։ Նույն փողոցի վրա էր գտնվում նաև Խաչատուր Իսակովի կրի-աղյուսի գործարանը։ «20-րդ դարի 10-ական թվականներին այս երկու գործարանները միավորվում են։ Թանգարանի ցուցադրության մեջ կա այդ միացյալ ընկերության արտադրության աղյուսը։ Մեծ պահանջարկ էր վայելում հատկապես դաջազարդ (տոմետ) աղյուսը, որն արտադրող գործարանի տնօրենը Արտաշես Տայանցն էր․ գյումրեցիները ասում էին Տայոնց գործարան։ Այդ գործարանն ունեցել է իր գրասենյակը, նաև իրավունք՝ պատվերների ընդունման հայտարարություն տալու «Ախուրյան» թերթում»,- ներկայացնելով ցուցադրված դաջազարդ աղյուսը՝ նշում է թանգարանի տնօրենի օգնական Անահիտ Մինասյանը։

357689996_991977485284176_3717264757288487361_n.jpg (266 KB)

Մյուս ցուցանմուշը, որ վկան է քաղաքի արդյունաբերական զարգացման՝ միջատներ ոչնչացնող նյութի արտադրությունն է․ «Դեռևս 1840-50-ական թթ. Ալեքսանդրապոլում իր առաջին քայլերն է կատարում հակամիջատային արտադրությունը, որն արդեն 1870-ական թթ. լայն ծավալ է ստանում: Այն անվանել են «լվի ծաղիկ» »,- պատմում է թանգարանի աշխատակցուհին՝ նշելով, որ դրանք վաճառվում էին գունազարդ թիթեղյա տուփերով՝ ինչպես Ալեքսանդրապոլում, այնպես էլ Ցարական Ռուսաստանում: Ստանում էին սովորական երիցուկի ծաղիկներից՝ փթերով հավաքում էին, վերածում փոշու ու գունազարդ թիթեղի տուփերով վաճառում էին։ «Լվի ծաղկի» առևտրով զբաղվել են Սիմոն Թումանյանցը՝ Պետերբուրգում, Սարգիս և Միքայել Միրզոյանները՝ Մոսկվայում: Միրզոյանների արտադրանքը Մարսելի ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի:

358333655_3222060564710159_2206902133214505684_n.jpg (337 KB)

Թանգարանի շինությունը կառուցվել է վաճառական, հայտնի բարերար Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թվականին: Շինությունն ունի 1860-70-ականներին Ալեքսանդրապոլում տարածված կարմիր և սև տուֆ քարի սիստեմատիկ համադրություն: Սկզբնական շրջանում կառույցը ծառայել է որպես շահութաբեր տուն, իսկ խորհրդային իշխանության հաստատումից հետո տունը ազգայնացվել է և ունեցել է զանազան գործառույթներ՝ հասարակական, բնակելի և այլն:

1984 թ. այստեղ բացվել և մինչև օրս գործում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում