Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

«Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ, գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, մեր ունեցած գիտելիքը պետք է հարստացնենք՝ նույնիսկ փոքր քանակությամբ: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ զարգացումը շատ արագ է տեղի ունենում, երբ առօրյա կյանքում կամ ընդհանրապես՝ փոփոխությունները լինում են ամեն վայրկյան, մենք պետք է անընդհատ գիտելիք ձեռք բերենք և այն կարողանանք «մարսել», որպեսզի կարողանանք այս արագ զարգացող միջավայրում մեր տեղն ունենանք, գնահատենք ինքներս մեզ և մեր ժամանակը: Հիմա ավելի մեծ խնդիր է նաև՝ կարողանալ «մարսել» այն գիտելիքները, որոնք ստանում ենք: Այս ինֆորմացիոն դարաշրջանում՝ շատ դժվար է առաջնային, երկրորդային տեղեկությունները տարանջատել, սակայն սա նույնպես պետք է կարողանաք անել: Հույս ունեմ, որ ձեր դասախոսներն այս հարցում ևս կարողացել են ձեզ օգնել և առաջնորդել:

Երբևիցե չհուսահատվեք: Միշտ հիշեք, որ ցանկացած ծանր վիճակից դուրս գալու լուծում կա: Սրանք խոսքեր չեն, որ ձեզ հուսադրեն, դա է իրականությունը, որը հնչեցնում է մեկը, ով ունի մարդկային սովորական կյանքի փորձ, որը փորձում եմ փոխանցել ձեզ: Նույնիսկ ամենածայրահեղ ծանր վիճակում միշտ լուծումներ գտնվում են: Դուք պատրաստ եղեք, որ այդ լուծումները ինքներդ եք գտնելու, հույսը դրեք ձեր վրա: Իհարկե, ձեզ օգնողներ միշտ կլինեն, ձեր ծնողները, դասախոսները, հարազատները, ընկերները, մտերիմները ձեր կողքին են լինելու, բայց հիշեք, որ հաջողության գրավականը նրանում է, որ դուք վստահեք ինքներդ ձեզ, պատրաստ լինեք դժվարություններ հաղթահարել: Սա շատ կարևոր է, որովհետև երիտասարդ տարիքում ցանկացած փոքր դժվարություն թվում է անհաղթահարելի և հուսահատություն է առաջացնում, բայց հավատացեք, որ դրանք վայրկյաններ են, որոնք պետք է մոռանալ:

Իմացեք նաև, որ երջանիկ են այն ժողովուրդները, որոնք ունեն ինքնիշխան պետություն: Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից կա և շարունակելու է գոյություն ունենալ և Հայաստանի ապագան արդեն գտնվում է ձեր ձեռքերում, և դուք եք լինելու Հայաստանի ապագան կերտողները: Սա ևս շատ պատասխանատու խնդիր է, որ դուք պետք է կարողանաք լուծել, և այն գիտելիքը, որ ստացել եք նաև այդ նպատակին ծառայեցնեք:

Հավատացնում եմ ձեզ, որ այն, ինչ մենք 1991 թվականին երազում էինք անկախ պետություն ունենալու առումով, չէինք պատկերացնում, որ այսպիսին կլինի՝ իր դժվարություններով, խնդիրներով, հաջողություններով, անհաջողություններով, ամեն ինչով: Սակայն փաստորեն մենք արդեն 32 տարի շարունակում ենք մեր ճանապարհը: Այսօր, այս պահին մենք դժվարությունների մեջ ենք: Սակայն դա չի նշանակում, որ այդ դժվարություններն անհաղթահարելի են: Ե՛վ որպես պետություն, և՛ որպես պետության համար պատասխանատուներ, մենք, իրականում, ամեն ինչ անելու ենք, որ ի վերջո բոլորս ապրենք բարեկեցիկ երկրում, որտեղ ամենակարևոր արժեքներն են՝ ազատությունը և դրա հետ միասին նաև պատասխանատվությունը, ժողովրդավարությունը: Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ այն հիմնական գաղափարախոսական հենքերն են, որի հիման վրա մեր պետությունն այսօր կարող է առաջ գնալ: Մենք չունենք բնական ռեսուրսներ, կամ ունենք շատ քիչ քանակությամբ, բայց ունենք մարդիկ, որոնք ունեն միտք, գիտելիք, հնարավորություն, կարողություն, որպեսզի մեր երկիրն իսկապես դարձնեն այնպիսի երկիր, որտեղ ապրողները լինեն երջանիկ: Այսինքն՝ բարեկեցիկ երկիր ունենալու խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել, և այդ գործում ձեր դերը շատ ավելի է մեծանալու: Վստահ եմ, որ դուք կայանալու եք որպես լավ մասնագետներ, ունենալու եք հաջողություններ: Վստահ եմ նաև՝ դուք ավելի լավ եք կառավարելու մեր երկիրը և այն երազանքները, որոնք մեր սերունդը, իմ սերունդը չկարողացավ իրականություն դարձնել, դուք իրականություն եք դարձնելու:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:

Հայերեն العربية Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն