ԵՐԵՎԱՆ, 04 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: